«Հաց բերողի» հուղարկավորությունը տեղի կունենա Շահումյանի գերեզմանատանը. Թամարա Հովհաննիսյան


 

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Ազատության հրապարակում ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կազմակերպված հավաքի ժամանակ հայտարարեց «Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի» անդամ Թամարա Հովհաննիսյանը։

Երբ ներկաները բողոքեցին նման որոշման դեմ, Թամարա Հովհաննիսյանը հայտարարեց. «Մարդը չի կարող անթաղ մնալ, որովհետեւ իշխանությունները պոռնիկ են»։

Նա ընթերցեց Հանձնախմբի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ մերժել է նրա հուղարկավորությունը «Եռաբլուր» պանթեոնում։ «Եռաբլուր» պանթեոնը հայ ժողովրդի սեփականությունն է, ոչ թե այս վարչախմբի։ Արթուր Սարգսյանը ոչ ուշ ապագայում իր տեղն ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին։ «Հաց բերողի» մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152)։ իսկ հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից»։

Նա նաեւ հայտնեց, որ այդ հանձնախմբում ընդգրկված են մասնավորապես, Հասմիկ Պապյանը, Անահիտ Թարխանյանը, Նանոր Սեֆիլյանը, Եղիշե Պետրոսյանը, Արմենակ Կյուրեղյանը, Պավել Մանուկյանի դուստր Ասպրամ Մանուկյանը եւ այլք։

Հավաքը վարող Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ինքը համաձայն չէ Հանձնախմբի որոշման հետ, դրա համար դուրս է գալիս հանձնախմբից, բայց այլ բան չի կարող պահանջել, քանի որ Արթուր Սարգսյանի հարազատ եղբայրն է ցանկանում, որ նա հուղարկավորվի Շահումյանի գերեզմանատանը. «Ես իմ կյանքն եմ վտանգել, որպեսզի Արթուր Սարգսյանին հուղարկավորեն «Եռաբլուր» պանթեոնում, բայց էդ մարդու եղբայրը ցանկություն է հայտնել, որ Արթուր Սարգյանին հուղարկավորեն Շահումյան գյուղում, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ»։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

https://news.am/arm/news/379670.html

(Visited 5 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր