Ողբերգական դեպք Երևանում. փրկարարներն ու ոստիկանները Հրազդան գետում հայտնաբերել են գլխիվայր շրջված Suzuki ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ողբերգական դեպք Երևանում. փրկարարներն ու ոստիկանները Հրազդան գետում հայտնաբերել են գլխիվայր շրջված Suzuki ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու հարևանությամբ, Հրազդան գետ ավտոմեքենա է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարները:

Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են Suzuki մակնիշի 11 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենա՝ գլխիվայր շրջված, իսկ մեքենայի կողքին հայտնաբերել են տղամարդու դի:

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության մայոր Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Այս պահին հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի խմբի ղեկավար Արամ Մանասյանն ու թիվ 15 փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացի ասում էին, որ մահացածը իրենց բարեկամն է և նրան 2 օր է փնտրում էին և դիմել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ որպես անհետ կորած նա փնտրվում էր:

Նա Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 58-ամյա Ալեքսանդր Ցուգանյանն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր