Մենք չպետք է նահանջենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որը Փարիզում կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։ «Դա իմ պարտքն էր գալ այստեղ ու հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է միշտ համախմբված լինենք ողբերգության մասին հիշատակի համար պայքարում»,- նշել է Օլանդը։ «Դա պայքար է, որի նպատակն է հերքել պատմական ճշմարտության ցանկացած խեղաթյուրում։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, ինչը ես ապացուցել եմ Հայաստան կատարած իմ այցելության ժամանակ։ Միայն պատմական ճշմարտությունը կարող է միավորել։ Ես պետք է ասեմ, որ մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտման քրեականացման ճանապարհից։ Ժխտումը ոչ թե տեսակետ է, այլ ճշմարտության ժխտում»։ Օլանդի խոսքով Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա եղել է Ցեղասպանություն ու որ այն պետք է ճանաչել։ Օլանդը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հարցով արխիվ է ստեղծվելու։ «Աշխարհում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների պայմաններում այս օրը, ապրիլի 24-ը, մեզ հիշեցնում է այն մասին, որ մենք պետք է գործենք»։ «Իմացեք, որ հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջեւ անքակտելի կապ կա, եղբայրական կապ»։ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությունը անցնում է Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ;

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ սիմվոլիզմով եւ հույզերով լի այցը Հայաստան, կարծում եմ, հիանալի կերպով ցույց տվեց, թե որքան կարեւոր են նրա համար առանցքային արժեքները՝ համերաշխությունը, անկեղծությունը եւ ազատությունը։ Այս մասին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին իտալական «La Stampa» պարբերականին տված հարցազրույցում նշել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ մեկնաբանելով 2016թ. Հռոմի պապի այցը Հայաստան:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստան այցը մեկն էր այն եզակի այցելություններից, որոնք Հռոմի պապը ծրագրել էր Սուրբ Աթոռում ծառայության անցնելուց անմիջապես հետո։

«Սիմվոլիզմով եւ հույզերով լի այս այցը Հայաստան, կարծում եմ, հիանալի կերպով ցույց տվեց, թե Հռոմի պապի համար որքան կարեւոր են առանցքային արժեքները՝ համերաշխությունը, աշխարհի հետ բաց լինելը եւ ազատությունը։Համերաշխություն հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, որն այդքան տառապել է: Եվ Պապը սովորեցնում է՝ հնարավոր չէ համերաշխ չլինել նրանց հետ, ովքեր տառապում են։ Աշխարհի հետ բաց լինելը, որովհետեւ դա հայերին քաջություն տվեց բացվել աշխարհի առջեւ եւ ազատվել Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունից ավելի բորբոքվող ցավի կապանքներից: Եվ վերջապես, ազատությունը, Պապի անձնական ազատությունը, քանի որ նա անտեսեց  ճնշումները՝ մյուս երկու արժեքները պահպանելու համար»,- ասել է Միքայել Մինասյանը»,- ասել է Միքայել Մինասյանը:

Նա հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որը, ըստ նրա, լավագույնն է բնութագրում Ֆրանցիսկոս պապի Ծիծեռնակաբերդ այցի նշանակությունը. «Ձերդ Սրբություն, այսօր Դուք դարմանեցիք մեր վերքերը»:

«Կարծում եմ՝ մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ ողբերգությունների առջեւ չկա ավելի լավ գործիք, քան լռությունը՝ որպես հրավեր լսելու, զգալու, թե ինչ են ասում զոհերը, չխոսելու նրանց փոխարեն, այլ աղոթելու նրանց համար եւ աղոթելու, որպեսզի մարդկության հետ այլեւս նման բան տեղի չունենա»,- նշել է ՀՀ դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ժամանակ ոչինչ չասաց:

Միքայել Մինասյանը հիշեցրել է, որ դեռեւս 2015 թվականի ապրիլի 12-ի պատարագից առաջ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ մինչեւ օրս շարունակվող ողբերգական դեպքերի արմատները պետք է փնտրել 20-րդ դարասկզբի ողբերգություններում: Նա հիշեցրել է, որ Հռոմի Պապի տեսադաշտում շարունակում են մնալ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները: Նա համառորեն խաղաղության կոչ է անում, քանի որ լռությունն անթույլատրելի է այն ողբերգությունների դեպքում, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առջեւ:

Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը նշել է, որ մենք՝ հայերս, հավատում ենք, որ անցյալը կարող է օգնել մեզ նայել ապագային, եւ դրա համար հայերն ավելի քան մեկ դար անխոնջ պայքար են մղում:

«Եթե հարյուր տարի առաջ իմ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար (ինչն ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին), հնարավոր է, այսօր Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների դեպքում մենք բոլորովին այլ պատկեր ունենայինք»,- ասել է Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ հայերը Թուրքիայից սպասում են այդ քայլին, ինչպես նաեւ գիտակցմանը, որ անցյալում մշակութային եւ քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն է եղել: «Ցավոք, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում եւ մոռացվում է»,- ասել է նա:

Մինասյանն ընդգծել է, որ Հռոմի պապը տարբեր առիթներով բազմիցս խոսել է հիշողության մասին, բայց միշտ՝ որպես խորապես դրական մի բան, քանի որ այն «կապ է ստեղծում մարդկանց, ժողովուրդների միջեւ՝ անգամ, երբ դժվար է դրանք ընդունել»:

«Կարծում եմ՝ նրա խոսքը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ  տարելիցին, ինչպես նաեւ նրա հայտարարությունները մեկ տարի անց Հայաստան այցի ժամանակ, նրա ցանկությունն էր այդ հիշողությունը դարձնել այն հենքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել հայերի եւ թուրքերի միջեւ խաղաղ հարաբերություններ, հաշտեցման ուղին՝ գիտակցելով, որ բաժանարար պատերը քանդել հնարավոր է միայն հիմնվելով ճշմարտության վրա»,- ընդգծել է ՀՀ դեսպանը:

(Visited 4 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր