Իմ պապն ու տատը հրաշքով են փրկվել Դեր Զորում. ամերիկահայ հայտնի ֆլեյտահարը Երեւանում է

Ամերիկահայ հայտնի ֆլեյտահար Սաթո Մուղալյանն այսօր օրերին Հայաստանում է՝ մասնակցելու ապրիլի 24–ին երեկոյան Երեւանում կայանալիք Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։

Սաթո Մուղալյանը Հայաստանում է առաջին անգամ։ NEWS.am–ի հետ զրույցում հայտնի երաժիշտը նշում է, որ իր համար մեծ նշանակություն ունի հենց այս օրը Երեւանում լինելու եւ Ծիծեռնակաբերդ այցելելու համար։

«Իմ ամբողջ ընտանիքն Անատոլիայից է, նրանք փախել են 1915թ.–ին եւ 1916թ.–ին։ Իմ պապիկը՝ Դավիթ Օհանիսյանը, Քութահյայում կերամիկայով էր զբաղվում, 1916թ.–ի փետրվարին վտարվել են Դեր Զոր, նրանք հրաշքով են փրկվել, տեղափոխվել են Երուսաղեմ, որտեղ էլ շարունակել են զբաղվել կերամիկայով։ Իմ պապիկի եւ տատիկի մասին ես այժմ գրքերում եմ կարդում»,– պատմում է Սաթո Մուղալյանը։

Նյու Յորքում բնակվող ֆլեյտահարը կարծում է, որ հայերի նպատակը պետք է լինի ինչքան հնարավոր է, շատ խոսել Հայոց ցեղասպանության եւ առհասարակ հայերի ու Հայաստանի մասին։ Սաթո Մուղալյանը ցավ է ապրում, որ ԱՄՆ բոլոր նախագահներն ընտրություններից առաջ խոստանում են ընտրվելու դեպքում ընդունել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ հաղթանակից հետո անմիջապես մոռանում են իրենց խոստման մասին։

«Պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները առեւտրական, տնտեսական, քաղաքական կապեր ունի Թուրքիայի հետ։ Ես հույս ունեմ, որ կգա այն օրը, երբ ԱՄՆ–ն Ցեղասպանության մասին կխոսի ազատ։ Կարծում եմ, Ցեղասպանության փաստը ժխտելով, պետությունները թույլ են տալիս, որ աշխարհում ցեղասպանություններ էլի ու էլի կրկնվեն»,– ասում է նա։

Հիշեցնենք, որ Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը ձեւավորվել է 2016թ. վերջին։ Նվագախումբը, որին միացել են աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ երաժիշտներ, իր առաջին համերգն ունենալու է ապրիլի 24–ին երեկոյան Երեւանում։


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր