Մայիս ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Այս մասին գրում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.60C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.20C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.90C: Միջին ամսական ջերմաստիճանն առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում` +17…+180C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+100C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.50C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 150C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 100C բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-100C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+380C (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-100C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-220C:

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով: Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունն ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92 մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում՝ 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50 մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010 թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման: Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989 թթ, երբ տեղումների քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունն ամենացածրն է` 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունն ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինն ամիսը 1-3 օր, Տաշիրում՝ 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

(Visited 6 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր