Երկու շաբաթ առաջ «Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց առաջիկայում Երևանի ավագանու ընտրությունների հարցման տվյալները: Հարցմանը մասնակցածների 61.2 տոկոսը նշել էր, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի, 11.5-ը՝ Նիկոլ Փաշինյանի, 3.9-ը՝ Զարուհի Փոստանջյանի օգտին։ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք նոր հարցման արդյունքներ, և որքանո՞վ են դրանք տարբերվում նախորդից: Արման Նավասարդյանը նշեց, որ իրենք հրապարակել էին նախքան քարոզարշավի մեկնարկը արված հարցման արդյունքները: «Միանշանակ պատկերը փոխվել է, թվերը փոփոխվել են, բայց ինչպիսի պատկեր է՝ հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև հարցումն ընթացքի մեջ է, և հարցման կեսին, չտիրապետելով որևէ տեղեկատվության, ես չեմ կարող որևէ թիվ հրապարակել»,- ասաց Արամ Նավասարդյանը: Հարցին՝ արդյոք թվային տատանումը զգալի կլինի՞, սոցիոլոգը նշեց, որ դա կապված է նրանից, թե որքանով է քարոզարշավը ճիշտ կազմակերպված, ազդեցիկ, և թե որքանով են իրենք ճիշտ աշխատում իրենց ընտրազանգվածի հետ: «Տարբեր ակցիաներ կարելի է անել, տարբեր ձևաչափեր կարելի է կիրառել, բայց որքանո՞վ է այդ ձևաչափն ընկալելի իրենց պոտենցիալ ընտրողների կողմից՝ ցույց կտան ընտրության արդյունքները: Իսկ մինչ այդ, կարծում եմ, մենք կունենանք հարցման արդյունքները և կփորձենք ներկայացնել»,-ասաց Արամ Նավասարդյանը: Քաղաքական ուժերը, նրա խոսքով, պետք է ոչ թե պայքարեն թվերը հրապարակողների դեմ, այլ փորձեն հասկանալ՝ ինչից ելնելով է այսքան տոկոս, և փորձեն ճիշտ քարոզարշավ իրականացնել. «Մեզ համար միևնույն է՝ որ քաղաքական ուժը կհաղթի, մենք մեր աշխատանքն ենք կատարում, որը հիմնված է միջազգային չափորոշիչների վրա: Եվ եթե այդ չափորոշիչներով իրականացված արդյունքները որևէ մեկին դուր չեն գալիս, կներեք, ես չեմ կարող բոլորի համար ցանկալի թվեր հրապարակել, դա մեր աշխատանքը չէ: Պետք է հարցնել ըստ մեթոդաբանության, ամփոփել և հրապարակել»: Դիտարկմանը՝ հանրության մեջ հարցումների նկատմամբ անվստահություն կա, սոցիոլոգը չհամաձայնեց. «Ոչ թե հանրության մեջ կա անվստահություն, այլ որոշ քաղաքական գործիչների: Եվ ես ոչ թե անվստահություն եմ դա համարում, այլ իրականության հետ առերեսվելու վախ»: Նյութի աղբյուրը` Yelaket.am

(Visited 6 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր