Փոփոխվող մարզպետներն ու անփոփոխ աղքատությունը Շիրակի մարզում

loading...

մարզ

Загрузка...

Անցյալ շաբաթ Շիրակի մարզպետն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: ՀՅԴ-ն Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական Արթուր Խաչատրյանով: Շիրակի մարզում վերջին տարիներին մարզպետների փոփոխություն հաճախակի է կատարվում: Ցանկացած նոր մարզպետ էլ հայտարարում է, թե Շիրակի մարզում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ գործնական քայլեր կձեռնարկի, սակայն մարզպետները փոխվում են, խնդիրները՝ մնում անփոփոխ:

Պաշտոնական տվյալներով` Շիրակի մարզը համարվում է ամենաաղքատը: Աղքատության մակարդակը շուրջ 46 տոկոս է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 50 տոկոս: Սա նշանակում է, որ Շիրակի մարզի բնակչության կեսը համարվում է աղքատ:

Շիրակի մարզն առանձնանում է նաև գործազուրկների թվով՝ 14.210: Այս թիվը ևս ամենաբարձրն է բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի հետ համեմատած:

Նույնիսկ մեղմացված և իրականությունը չարտացոլող տվյալներով ամենաաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը, գործազուրկների ամենաբարձր թիվը Շիրակում է, հետևաբար զարմանալի չէ, որ արտագաղթի տեմպերն ահագնացող են հենց այս մարզում: Իշխանությունների անտարբերությունը, մարզպետների փոփոխությունը հանգեցրել են մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման:

Araratnews.am-ը Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե նախքան մարզպետի պաշտոնում նշանակվելը տեղյա՞կ է եղել, որ բազմաթիվ խնդիրներ կան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարզի բնակիչ չէ: «Եթե չկարողանայի, այլապես ինչի՞ եմ եկել, իհարկե պատրաստ եմ: Սա բանակ չէ, որ զինվորին ասեն` գնա´, եւ կարծիքը չհարցնեն: Եթե ես կամովին ստանձնել եմ այս պաշտոնը, այս պատասխանատվությունը, իհարկե պատրաստ եմ լուծել խնդիրները»,- եղավ մարզպետի պատասխանը:

ՀՅԴ անդամը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ինքը Շիրակի մարզում յուրային չի համարվում: Նրա խոսքով` հայն իր երկրում չի կարող օտար լինել: Արթուր Խաչատրյանը հույս  հայտնեց, որ Շիրակի մարզպետի պաշտոնում երկար կաշխատի եւ կկարողանա իր առջեւ դրված խնդիրները լուծել: Հարցին, թե կոնկրետ ի´նչ խնդիր է դրված իր առաջ, ասաց` ՀՅԴ-ն եւ  Կառավարությունն իր առջեւ խնդիր են դրել բարելավել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ստեղծել մոդելային մարզ, գործարկել աշխատատեղեր:

Փայլակ Ֆահրադյան


a55
աղբյուր Փոփոխվող մարզպետներն ու անփոփոխ աղքատությունը Շիրակի մարզում


Նման նյութեր  

loading...
Загрузка...