«Լրագրողներ առանց սահմանների». Էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը՝ «Մամուլի թշնամիների» ցուցակում

Загрузка...

193

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (ԼԱՍ- RSF) հրապարակել է «Մամուլի թշնամիների ցուցակը», որտեղ այս տարի տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայտնում է   Ermenihaber.am-ը:

RSF -ի Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հետ զրույցում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել: Նա նշել է, որ Էրդողանն այս ցուցակում է հայտնվել, քանի որ հենց նա է պատասխանատու Թուրքիայում  բազմաթիվ լրատվամիջոցների գործունեության դադարեցման և լրագրողների ձերբակալությունների համար:

Միհրն ընդգծել է, որ այս երկրում մամուլի նկատմամբ բռնությունները սկսվել են հեղաշրջման փորձից շատ առաջ: Հատկապես Էրդողանի համար ցանկալի արդյունք չտված ընտրություններն այս հարցում շրջադարձային դեր են խաղացել: Իսկ հուլիսի 15-ից հետո բռնություններն ու ճնշումները հետզհետե ավելի են սաստկացել:

Այժմ Թուրքիայում անազատության մեջ է 130 լրագրող և փակվել է շուրջ 140 լրատվամիջոց: Կազմակերպության ղեկավարը նկատել է տվել, որ համատարած ձերբակալությունների ու ճնշումների պատճառով Թուրքիայում լրագրողներն արդեն իրենք իրենց նկատմամբ գրաքննություն են կիրառում, քանի որ բավականաչափ վախեցած են տեղի ունեցածից:

Նշենք, որ «Մամուլի թշնամիների» ցանկում այս տարի տեղ են գտել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ցուցակը հրապարակվել է նոյեմբերի 2-ին՝ լրագրողների դեմ կիրառվող բռնությունների դեմ պայքարի օրը:


Source: http://www.andradardz.am/

Загрузка...

ՓԱԿԵԼ