Որքանո՞վ է արդարացված բենզինի, դիզվառելքի ու գազի նման թանկացումը. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է

 

Загрузка...

Հունվարի 1-ից վառելիքի շուկայում նկատվող գնային բարձրացումների հետ կապված ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած գնային փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին:

Հանձնաժողովից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ տարվա առաջին իսկ աշխատանքային օրը ամփոփվել են դեռեւս նախորդ տարեվերջից հավաքագրված տվյալները: «Մենք բոլորս գիտենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ գործող հարկային կարգավորումների դաշտում: Կատարված փոփոխությունները վերաբերում են նաեւ որոշ ապրանքատեսակների գծով հարկային դրույքաչափերին: Այդ ապրանքների շարքում առավել կարեւոր եւ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից են նաեւ բենզինը, դիզելային վառելիքը եւ բնական սեղմված գազը:

Հաշվի առնելով, որ հարկային դրույքաչափերի փոփոխությունները ուղղակիորեն ազդում են նաեւ վաճառքի գների վրա, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, հանձնաժողովը մանրամասն հաշվարկներ է կատարել այդ ապրանքատեսակների գնային փոփոխությունների ուղղությամբ:

Առաջին հերթին ուզում ենք անդրադառնալ այս օրերին հնչող այն տեսակետներին, որ ի տարբերություն բենզինի եւ գազի, դիզելային վառելիքը չպետք է թանկանար, քանի որ այդ մասով տեղի է ունեցել ոչ թե ակցիզային հարկի բարձրացում, այլ՝ նվազում: Ի պատասխան այդ տեսակետների, նշենք, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը եւ օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35000 դրամ: Արդեն ընթացիկ տարվա հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 000 դրամ, այսինքն այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը եւ իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել:

Հաշվի առնելով, որ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաեւ դիզելային վառելիքի մաքսային արժեքից եւ իրացման գներից, ուստի հիմնվելով այս ցուցանիշների վրա, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը:

Ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման եւ իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով»,-նշեցին ՏՄՊՊՀ-ից:

Ինչ վերաբերում է բենզինի գնագոյացմանը, ապա այս մասով Հանձնաժողովը նշում է. «2018 թվականի հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 000 դրամով: Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 000 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 000 դրամ, իսկ ներկայումս այն կազմում է 135 000 դրամ:

Սեղմված բնական գազի հարկման դրույքաչափերի փոփոխության համաձայն, 2018 թվականի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է 1000 խմ-ի համար 25 000 դրամ: Նախկինում այն կազմում էր 8330 դրամ: Այսինքն, 2018 թվականի հունվարից 1000 խմ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաեւ ԱԱՀ-ն, որը կազմում է շուրջ 3300 դրամ 1000 խմ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ 1000 խմ-ի համար:

Այսպիսով այս պահին կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով»:


News
աղբյուր Որքանո՞վ է արդարացված բենզինի, դիզվառելքի ու գազի նման թանկացումը. ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է


loading...

Նման նյութեր  

Загрузка...
 հաճելի օր

Facebook Auto Publish Powered By : XYZScripts.com