Քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակում ենք. Նիկոլ Փաշինյան

Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում տարածած ուղերձում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պլանավորված էր, որ վաղը պետք է շարունակվեին ՀՀԿ-ի հետ իրենց բանակցությունները։ «Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կատարվել է միայն առաջին կետը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եւ մենք չենք կարող ընդունելի լինել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի»,- նշել է պատգամավորը։

Նա նկատել է, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել իրենց օրակարգը, կարող են զանգահարել իրեն։ «Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եւս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար»,- ասել է Փաշինյանը


News
աղբյուր Քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակում ենք. Նիկոլ Փաշինյան

(Visited 11 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր