Որոշումները պետք է կայացվեն հեղափոխություն անողների ճնշման տակ, այլապես…

Եթե երկրում հեղափոխություն է տեղի ունենում, ապա սովորական որոշումների կայացման ընթացակարգերը մերժվում են: Եվ որոշումները պետք է կայացվեն հենց հեղափոխություն անողների ճնշման տակ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում խորհրդարանի կողմից պետք է ընտրվի նոր վարչապետը:

«Եթե հեղափոխության ներկայացուցիչներն ընդհանրապես չկան խորհրդարանում, ապա խորհրդարանի դերը համարյա զրոյացվում է: Բայց սա այն դեպքն է, երբ և հեղափոխության կազմակերպիչներն են խորհրդարանում ներկայացված, և իրենց աջակցող քաղաքական ուժերը: Այս պայմաններում, բնականաբար, որոշումների կայացման համար կարող է օգտագործվել խորհրդարանը՝ որպես սահմանադրական մարմին: Բայց պարզ է, որ փողոցի ճնշումը, հեղափոխական զանգվածների ճնշումը այդ որոշումների կայացման համար չի կարող բացառվել, և դա հեղափոխությունների համար օրինաչափ երևույթ է»,- ասում է Նավասարդյանը:Ըստ նրա՝ այսօր կա հեղափոխական գործընթաց, որը ենթադրում է երկրում շատ լուրջ փոփոխություններ, բայց զուգահեռ կա քաղաքական վերնախավի որոշ մասի ցանկությունը՝ օգտագործել հեղափոխությունը սեփական շահերի համար: Այդ բոլոր միտումներն այսօր առկա են Հայաստանում:«Եվ, բնականաբար, մեր հասարակության մեծ մասը, որ ես կարծում եմ, պաշտպանում է հեղափոխության պահանջները, ցանկանում է լուրջ ու խորը փոփոխություններ: Հետևաբար, այն էներգիան ու ներուժը, որը կա հենց հեղափոխական պրոցեսի մեջ, պետք է թելադրի հետագա քայլերն ու զարգացումները և թույլ չտա, որպեսզի այլ շահեր և ուժեր գերակշռեն այս ամբողջ գործընթացում»,- հավելեց նա:Անդրադառնալով հարցին, որ ՀՀԿ-ն կարծես չի ուզում զիջել, ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ արդեն իսկ ՀՀԿ ներսում կան հակասություններ այդ առումով:“Կարծում եմ՝ այնտեղ ամեն դեպքում կան ողջամիտ մարդիկ, ովքեր հասկանում են, որ հեղափոխությունը հաղթել է, և որպեսզի երկրում կայունությունը վերականգնվի և լուրջ գին չվճարենք, պետք է հնարավորինս արագ գործընթացը հասցնել իր օրինաչափ ավարտին: Այսինքն՝ պետք է նպաստել, որպեսզի ձևավորվի այնպիսի իշխանություն, որը բխում է հեղափոխություն արած մեծամասնության շահերից ու պատկերացումներից: Բայց ՀՀԿ ներսում կան դեռևս լուրջ ուժեր, որոնք դիմադրում են և փորձում են ինչ-որ հնարավորություն գտնել, հիմնականում դրսից աջակցություն ստանալով, կանգնեցնել այս պրոցեսը: Հայաստանի ներսում իրենք այդ աջակցությունը չունեն՝ նույնիսկ տիրապետելով և ֆինանսական, և այլ ռեսուրսների, այս հեղափոխական վիճակում իրենք չունեն հասարակության մեծ մասի աջակցությունը”,-ասաց նա:Նավասարդյանի կարծիքով՝ եթե այդ դրսի աջակցությունը չլինի, իսկ առայժմ ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները պաշտպանությունը տեսնում են այլ երկրներում, կամաց-կամաց նրանց դիմադրությունը կնվազի:“Ի վերջո, ՀՀԿ-ականների այն մասը, որը ներկայացված է խորհրդարանում և գիտակցում է պահի կարևորությունը, բավարար կլինի, որպեսզի ձևավորվի անցումային իշխանություն, որը կարտացոլի հեղափոխություն անող զանգվածների պատկերացումները”,- ասաց Բորիս Նավասարդյանը:


News
աղբյուր Որոշումները պետք է կայացվեն հեղափոխություն անողների ճնշման տակ, այլապես…

(Visited 8 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր