Մամուլ. ԱՄՆ FBI-ն` ընդդեմ Սերժ Սարգսյանի եղբայրների. բազմաթիվ գործարարներ են տուժել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ: Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին: ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների է սնանկացրել՝ խլելով նրանց բիզնեսները և ունեցվածքը»:

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի 239 անդամից 216-ը մասնակցել է նիստին, բայց միայն 10 հոգու բացակայությունն է եղել անհարգելի։ Սերժ Սարգսյանը մի քանի պատգամ է հղել թիմակիցներին՝ նոր կառավարության հետ ճանապարհ անցնելու ցանկություն ունեցող բարձրաստիճան ՀՀԿ-ականները պետք է կասեցնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին։ Ներկաներից միայն սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն է առարկել՝ ասելով, որ անձամբ ինքը հրաժարականի դիմում է գրել պաշտոնից, բայց ինչո՞ւ պետք է քաղծառայողները դիմում գրեն եւ հեռանան կամ ՀՀԿ անդամությունը սառեցնեն՝ մարդիկ քննություն են տվել, աշխատում եւ ընտանիք են պահում։ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, որ խոսքը միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին է։ Սարգսյանն արձանագրել է նաեւ ՀՀԿ-ում առկա ստատուս քվոն․ «Ունենք առնետ Ֆելիքս Ցոլակյան, թուլակամ Շիրակ Թորոսյան»։

Իսկ Փաշինյանին կողմ քվեարկած ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին էլ ասվել է, թե «չհասկացվածության» պահ է եղել, իբր Պողոսյանին նախապես ասել են, որ կողմ պետք է քվեարկի, եթե հասկանան, որ ձայները քչություն են անելու, սակայն հետո չեն զգուշացրել, որ կարող է չքվեարկել։ Իսկ քվեարկության օրը նիստից բացակայող Հերմինե Նաղդալյանի մասով էլ ՀՀԿ նախագահը հեգնել է՝ Վահրամ Բաղդասարյանինկարգադրելով ճշտել․ «Հերմինեն 15 մետր է՞լ չէր կարող քայլել»։ Նա նաեւ հորդորել է, որ լինեն մաքսիմալ միասնական, զուսպ, զգուշավոր հրապարակային խոսքում՝ «թույլ ենք տալիս, որ նոր կառավարությունն աշխատի, որպեսզի մեր վարքով համաժողովրդական նոր ալիք չբարձրացնենք»։ Իսկ ապագայի հետ կապված ասել է՝ գիտի, որ բազում հարցեր ունեն իրեն ուղղված, այդ բոլոր հարցերի պատասխանները կտա 2-3 ամսից, մինչեւ ջրերը պարզվեն, ու գործընթացներում որոշակիություն նկատվի»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցեր են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանիհրաժարականի պահանջով: Ցուցարարները երեկ փակել էին ոչ միայն քաղաքապետարանին հարող փողոցները, այլեւ հենց քաղաքապետարանի բակի դարպասները, որպեսզի Մարգարյանը մեքենայով չկարողանար հեռանալ` ստիպված լինելով իրենց հետ հանդիպել: Բայց Տարոն Մարգարյանն այդպես էլ «դուրս չեկավ» քաղաքապետարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Տարոն Մարգարյանի ինքնավստահության պատճառը վերջերս Սերժ Սարգսյանից ստացած «քարտ բլանշն է». Սարգսյանը նրան, նաեւ մի շարք ընտրովի այլ պաշտոնյաների ասել է, որ հրաժարական չտան` շարունակելով պաշտոնավարումը: Մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մարգարյանը ներքին հրահանգ է իջեցրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ դպրոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների ղեկավարներին, որպեսզի աշխատակիցներն ի պաշտպանություն իրեն հանրահավաքներ անցկացնեն: Միայն թե որքան ավելի շատ են կոռումպացված ՀՀԿ-ականները նման քայլերի դիմում, այնքան ավելի ողորմելի տպավորություն են թողնում. ի վերջո, Մարգարյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն դրսեւորումների մասին պատմություններով որեւէ մեկին չես զարմացնի»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր էր վերանշանակել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Սակայն իշխանության ներսում այնպիսի տրամաբանություն է, որ ով աշխատում է Փաշինյանի հետ, առնվազն դավաճան է: Իսկ քանի որ ՀՀԿ-ն և նախորդ իշխանությունը լի է ռևանշիստական տրամադրություններով, ապա ոչ մեկը չի ուզում իր վրա վերցնել դավաճանի պիտակը՝ դրանից բխող հետևանքներով»:

«Փաստ» թերթը գրում է. Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում: «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ անցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախկին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երևում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, դեռևս չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, թեև ո՛չ սիրելի աները կա այլևս, ո՛չ էլ նախարարը՝ Աշոտ Մանուկյանը, որին Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու պարագայում պետք է փոխարիներ Հայկ Հարությունյանը։ Ինչևէ, նոր նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, արդեն աշխատանքի է գնում, փոխնախարարը՝ նույնպես։ Ավելին՝ նա Փաշինյանի օրինակով լայվերի միջոցով տեսակետներ է հայտնում վերականգնվող էներգետիկայի մասին»:

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախ այցի ընթացքում եղա՞ք շփման գծում՝ հարցրինք «Ելքի» պատգամավոր, այժմ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ «Ոչ»։ Իսկ կուտակումներ կայի՞ն սահմանում։ «Անզեն աչքով տեսնել դա հնարավոր չէ, կուտակումներ լինում են անընդհատ, դա 25-30 տարի ա մեր կյանքում»։ Ճի՞շտ է, որ Բակո Սահակյաննասել է, թե ինտենսիվ կուտակում կա շփման գծում, Դուք առարկել եք, որ նկարահանված-մոնտաժված հին կադրեր են օգտագործվում։ «Բակո Սահակյանը խիստ հանգամանալից ներկայացրեց իրավիճակը սահմանին, եւ մենք բոլորս ստացանք հավաստիացումներ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի բանակն ու Հայաստանի զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին»։ Թրամփը հայտարարել է, որ միակողմանի դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից, տարածաշրջանը նոր վերադասավորության փուլ է մտել, կառավարությունը պատրա՞ստ է սպասվող ռիսկերի դիմագրավմանը։ «Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, ընդհանուր առմամբ՝ որեւէ տարածաշրջանային զարգացում ենթակա է վերլուծության եւ գնահատականի»»։

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել: Արամյանը վստահեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է, և իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին»:

(Visited 267 times, 1 visits today)


loading...

Նման նյութեր  

Загрузка...