Հաց բերողը ջախջախիչ կերպով մերկացրեց բոլոր հաց պղծողներին. Թուխիկյան

loading...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Загрузка...

Տիկին Թուխիկյան, ամփոփում ենք 2016-ը: Ինչո՞վ առանձնացավ այս տարին նախորդներից: Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ արձանագրեցիք:

– Եթե նկատի ունեք մեր ընդհանրական կյանքը և հայրենիքը, ապա 2016-ը նախորդներից առանձնացավ  առավել խորացող բարոյական, տնտեսական, քաղաքական ճգնաժամով, ինչը ավելի անապահով իրավիճակ ստեղծեց մեր պետականության և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ինչ-որ մեկը 2016-ին հայտարարեց  «քոսոտ» պետություն լինելու  մասին և պարգևատրվեց դրա համար:

Արձանագրեցինք դատական համակարգի կամ արդարադատության  վերջնական մահը:

Ձեռքբերումներից  կառանձնացնեի  մի քանիսը՝ Հռոմի պապի այցը, որը  ջախջախիչ կերպով մերկացրեց իրենք իրենց Հայաստանի աշխարհիկ և հոգևոր վերնախավ համարողներին և մարդասիրության մեծ չափաբաժին բաշխեց մեզ, ինչին մենք  տևական ժամանակ կարոտ  էինք:

Հաջորդ ձեռքբերումը այս համատեքստում ՀԱՑ ԲԵՐՈՂ ՄԱՐԴՈՒ ի հայտ գալն էր:

Այս մարդն էլ  ջախջախիչ կերպով մերկացրեց բոլոր հաց պղծողներին (եթե չեմ սխալվում՝ այս արտահայտությունը Նժդեհինն է):

Եվ մշակութային ձեռքբերումը տենոր Տիգրան Օհանյանն էր:

– Դուք համակրում եք «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ մասնակցություն պետք է ունենա «Հոգևոր Հայաստանը» նախընտրական շրջանում՝ հաշվի առնելով այն, որ, օրինակ, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամները խոստանում են անձամբ ներկա լինել և վերահսկել գործընթացը:

– Ես  համակրում եմ բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակային են, գիտակցված են, պինդ և  ակտիվ են: Կարծում եմ՝ «Հոգևոր Հայաստանի» առաքելության նպատակը մեր կյանքի  բարոյական և հոգևոր վերարժևորումն է:

– Կարծո՞ւմ եք՝ մեր գլխավոր խնդիրը կեղծված ընտրություննե՞րն են:

– Ընտրությունները չեն կարող կեղծվել, եթե  սեփական կյանքի նկատմամբ  այսքան անտարբեր   և տխմարության աստիճանի  հնազանդ քաղաքացիներից  բաղկացած չլինի մեր հասարակությունը:

– Տիկին Թուխիկյան, տարին ամփոփում ենք կառավարության 100 օրը լրացած: Արդյոք փոփոխություններ նշմարվո՞ւմ են: Ինչպե՞ս եք գնահատում:

– Նոր վարչապետը, անշուշտ, տարբերվում է նախորդներից: Նա համոզիչ է խոսում, տրամաբանված: Մամուլը երբեմն  քննադատում է՝ գրելով, թե  նա դասախոսություն է կարդում:  Ես համամիտ չեմ, մենք իսկապես  կառավարման հմտությունների առումով շատ հետամնաց ենք: Հաստատությունների, մարզերի, այլ կառույցների արդյունավետ գործունեությունը ապահովելու համար մեզ նոր մտածողությամբ  երիտասարդ կադրեր են անհրաժեշտ: Ղեկավարման սովետական փտած մոդելը անախրոնիզմ է: Կարծում եմ՝ վարչապետը տարրական հմտություններ է ակնկալում: Բայց  քանի որ ղեկավարման   սովետական մոդելը նաև քաղաքական դաշտում է, ուրեմն ոչինչ չի փոխվի:  Բացի այդ, քանի դեռ որևէ նախադրյալ չկա, որ պետական հարստության գողերը կհայտնվեն  ճաղերի ետևում, ուրեմն  ոչինչ չի փոխվի: Ատոմակայանի բարձրաստիճան ղեկավարների 700 և ավելի միլիոնների գողությունը նրանց ներվեց: Գուցե, որովհետև սա  պրիմիտիվ գողություն չէր, այլ էլիտար:

– Հայաստանի քաղաքական դաշտում դաշինքներ են ձևավորվում: Կարո՞ղ են արդյոք դրանք լինել իրական այլընտրանք իշխանությանը:

– Դաշինքները լինում են իրական և կեղծ: Համենայնդեպս, չմոռանանք  Գյումրիի և Վանաձորի նախադեպերը առանց դաշինքի:

– Ի վերջո, հուլիսյան իրադարձություններից հետո արդյոք արվե՞լ են համարժեք քայլեր:

– Ոչ, և հակակրանքները առավել սրված են:

– Այս առումով ի՞նչ է մշուշվում 2017-ին:

– Դժվար տարի, բայց հուսամ՝ բեկումնային:


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր