ՊԵԿ նախագահի խոստովանությունը

loading...

Загрузка...

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ իրեն հարկավոր է հանուն հայրենիքի 50-70 հազար դրամ աշխատավարձով ազնվորեն աշխատելու պատրաստ 2000-2500 հարկային տեսուչ, համակարգում կաշառակերությունն ու կոռուպցիան արմատախիլ անելու համար: ՊԵԿ նախագահը լուրջ հարց է շոշափում, ընդ որում հարցը լուրջ է ոչ միայն ՊԵԿ-ի, այլ պետական կառավարման ամբողջ համակարգի համար:Կգտնվի՞ Հայաստանում 50-70 հազար դրամ աշխատավարձով աշխատելու պատրաստ 2000-2500 ազնիվ մարդ, որը հանուն իր երեխայի ապագայի կփորձի ծառայել պետությանը, ինչպես ասում է Վարդան Հարությունյանը:Դժվար է ասել, գուցե գտնվեր, եթե օրինակ նույն Վարդան Հարությունյանը նույն ասուլիսում չհայտարարեր, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել կոմֆորտից եւ ճանապարհորդել էկոնոմ դասով: Նա հայտարարել է, թե ինքն իր հաշվին կվճարի բիզնես դասի համար եւ կշարունակի ճանապարհորդել դրանով, քանի որ միշտ է դա նախընտրել:Վարդան Հարությունյանն իհարկե ունի այդ հնարավորությունը, նա եղել է Գազպրոմի բարձրաստիճան պաշտոնյա, նաեւ գործարար: Այսինքն, նա վաղուց հաղթահարել է 50-70 հազար դրամ աշխատավարձի «հայրենասիրական տուրքի» սահմանը, նա արդեն թանկ հայրենասիրության տիրույթում է: Ընդ որում, ամենեւին մեղադրելու չէ, եթե մարդը հարստացել է մասնագիտական հմտությունների եւ ունակությունների շնորհիվ, միանգամայն օրինական ճանապարհով:Սակայն խնդիրը հարստության ձեռքբերման ճանապարհի դաշտում չէ: Օրինակ, նախկին մի վարչապետ էլ կարծում էր այդպես, ասելով, թե ինչ եք ուզում օրինական հարստացածներից: Խնդիրն այն է, որ պետական պաշտոնյան, «էլիտայի» ներկայացուցիչը հանրության հետ պետք է մտնի ոչ թե հարստության ծագման շուրջ հարաբերությունների պարզաբանման մեջ, այլ արժեհամակարգային հաղորդակցության:Բանն այն է, որ «էլիտայի» խնդիրը հանրությանն անձնազոհության, սակավակյացության, ժուժկալության, համեստության, միսիոներության ոչ թե դասեր ու դասախոսություններ, այլ օրինակներ ցույց տալն է` անձնական օրինակներ:

Երբ հանրության մեկ երրորդը աղքատ է, խնդիրն այլեւս հարստության եւ կոմֆորտի ծագումնաբանությունը չէ, այլ երեւույթի ինքնին:Երբ իշխող «էլիտայի» ներկայացուցիչները փորձում են մոտիվացնել նոր ու ազնիվ աշխատողների, խթանել «միսիա տեսնող» աշխատուժի հոսք, ինչի մասին պաշտոնամուտի առաջին օրերին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտարարել, ապա դրա համար պետք է հանրությանը ոգեւորեն, ոչ թե հոգեբանորեն ճնշեն իրենց շքեղություններով:Այն, որ պետական կառավարման համակարգի, հատկապես ՊԵԿ համակարգի արդիականացման, հիմնովին բարեփոխման եւ աշխատանքի որակի փոփոխության համար անհրաժեշտ է արմատապես փոխել այդ կառույցի կազմը` ղեկավար պաշտոններից մինչեւ շարքային տեսուչների զգալի մասը, աներկբա է: Եվ այդ առումով անհրաժեշտ է իսկապես հազարավորների փոփոխություն:Հազարավորներն էլ կգտնվեն, որ կաշխատեն «հանուն հայրենիքի» եւ ապագայի, թեկուզ ֆինանսապես թույլ մոտիվացված` իհարկե եթե այդ թույլ մոտիվացումը ժամակավոր նվիրում է, ոչ թե հավերժական շահագործում: Հենց այստեղ էլ հարցն է, թե ինչ անձնական օրինակի է ունակ «էլիտան»: Ինչից է ունակ այդ «էլիտան» ինքն իրեն զրկել հանուն բոլորի երեխաների ապագայի: Ահա այդ հարցն է, որ մեղմ ասած բաց է հայկական «էլիտայի» ընդհանուր բնութագրում, եզակի բացառություններով հանդերձ:

 


Նման նյութեր  

loading...
Загрузка...
-->